Օլիգարխները ամպերից պետք է իջնեն, ոչ մեկին չպետք է խնայել, չպետք է զիջել. Վարդան Մալխասյան
Օլիգարխները վերևից, ամպերից պետք է իջնեն ցած, ապրեն հասարակ ժողովրդի նման, ամբողջ բանդան պիտի զինաթափել օր առաջ, պիտի նրանց պատժել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով օլիգարխներին զինաթափելու գործընթացին:
«Օլիգարխները ձևավորվել են մեր ժողովրդին կեղեքելու, վախեցնելու, հարստահարելու միջոցով: Թիկնազորը հետաքրքիր է՝ ինչու են պահում, ուզում են սարսափի մթնոլո՞րտ ստեղծել, ունեցվածքը պահե՞ն, կամ ուզում են ցույց տալ, որ այնքան հարուստ են, որ ուզենան, զորք էլ կպահեն: Ես հիշում եմ՝ Մանվել Գրիգորյանը, որ ամռան ամիսներին գնում էր Սևան, 30 մեքենա հետևից քարշ էր տալիս, մինչև գնում, հետ էին գալիս, երևի միայն 1000 դոլարի բենզին էին վառում: Հիմա էդ թիկնազորը ինչի՞ համար է: Եվրոպական երկրներում նախարարները հեծանվով են գնում աշխատանքի, ծառայողական ավտոմեքենա էլ չեն օգտագործում»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք իշխանությունները մտավախություն ունեն, որ օլիգարխները կարող են հովանավորել հակահեղափոխական հնարավոր գործընթացները, Վարդան Մալխասյանն ասաց, որ նրանք հիմա էլ փորձում են այդպես անել:
«Օլիգարխները թաղված են ծանր հանցագործությունների մեջ, դուք չե՞ք զգում, երբ որ «Մարտի 1», «Հոկտեմբերի 27» են սկսում շոշափել, բոլոր հանցակիցներն անկախ իրենց տարաձայնություններից՝ միավորվում են, գալիս են իրար կողքի: Քոչարյանն այսօր սպառնում է և ՀՀ-ում Պուտինի գործակալական ուժերին, որոնք որ մասնակից են ոճրագործություններին՝ ասելով, որ ուզում են ինձ փակել. եթե իմ թիկունքին չկանգնենք, ձեզ էլ եմ քաշելու: Դրա համար էլ էդ ուժերը ինչ ասես անում են, որ հանկարծ Քոչարյանը չբռնվի: Քոչարյանը հրաման է տվել, նրանք կատարել են, Քոչարյանը զենքը չի վերցրել, կրակողները թափթփուկներն են, բանդաները: Ոչ թե ուզում եմ պատիժներ տեսնել, դրանից հաճույք ստանալ, այլ ուզում եմ, որ մեղավորները, որոնք պետության նկատմամբ կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ, անխտիր բացահայտվեն: Ոչ մեկին չպետք է խնայել ու չպետք է զիջել»,- շեշտեց նա:
Վարդան Մալխասյանը նշեց, որ «Մարտի 1-ին» օլիգարխների թիկնազորը ևս զինվորական համազգեստ է կրել ու շենքի տանիքներից կրակել ժողովրդի վրա:
Վարդան Մալխասյանն ընդգծեց, որ պատահական չէ, որ այս օրերին հատուկ քայլեր են արվում իշխանություններին վարկաբեկելու համար: Ըստ նրա` պատահական չէ, որ այս օրերին նաև հրապարակվեցին ՀՔԾ, ԱԱԾ ղեկավարների ձայնագրությունները:
«Այլ քայլեր ևս կատարվում են, բայց շատ վտանգավոր է այն, որ հակահեղափոխականները մտածում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Ծառուկյանի կուսակցությունը բացահայտ դուրս գա Փաշինյանի դեմ. եթե հաջողեն, ապա Փաշինյանի դիրքերը կթուլանան, որովհետև ԱԺ-ում լուրջ հենարան չի ունենա»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը: