Այս ընտրություններում «Լույս» դաշինքը «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է. Արամ Սարգսյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքը «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է: Այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 13-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ընթացող նախընտրական հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը հայտարարեց.
«Երեկ, երբ Հյուսիսային պողոտայում վանկարկում էինք «Երևան, «Լույս», Զեյնալյան» ես այդ ժամանակ զգացի, որ հաղթող թիմ ենք: Իսկապես շատ լավ թիմ է, անկեղծ եթե ասեմ, ես «Ելք» ով էլ եմ ճանապարհ անցել, ուժեղ թիմ էր իր քաղաքական լիդերով՝ Նիկոլ Փաշինյանով, բայց այս թիմն այսօրվա «Իմ քայլը» դաշինքից ուժեղ է, վստահեցնում եմ՝ ուժեղ է»։
«Լույս» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Դավիթ Խաժակյանն ու Անի Խաչատրյանը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: