Ասում են՝ բոլորին գործից հանելու ենք. այդպես չէ. ԿԳ նախարարը՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին
Սեպտեմբերի 13-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ կրթության և գիտության Արայիկ Հարությունյանը հայտարարեց.
«Որոշ փոքր խմբեր քարոզչություն են տանում, դպրոցներում, մանկապարտեզներում, թաղապետարաններում, քաղաքապետարաններում ասում են՝ այս մարդիկ հենց եկան, բոլորիդ հանելու են աշխատանքից. այդպես չէ»:
Նա պարզաբանեց, որ նախորդ 4 ամիսներին ցույց են տվել, որ լավ մասնագետները մնում են պաշտոններում: «Ասելու ենք՝ դրսեւորեք ձեր լավագույն որակները եւ առաջ գնացեք ձեր կարիերայի ճանապարհով»:
ԿԳ նախարարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ դպրոցներն ապաքաղաքականացնելու են:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ վստահեցրեց, որ զբաղվելու են նաեւ Երեւանի՝ քաղաքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաների խնդիրներով:
«Պարոն Մարությանն ավելի լավ է պատկերացնում պոլիկլինիկաների խնդիրները, քան պոլիկլինիկաների շատ տնօրեններ»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը: