«Շանթ-2018» զորավարժության ընթացքում ԱԺ աշխատակազմը բերվել է բարձր պատրաստականության աստիճանի
Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել և ամփոփվել են զորավարժությանն ԱԺ աշխատակազմի մասնակցության արդյունքները: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
ԱԺ աշխատակազմի գրասենյակի զորահավաքային նախապատրաստության համակարգող Գարիկ Մուշեղյանը տեղեկացրել է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-13-ը «Պետական և զինվորական կառավարման մարմինների աշխատանքը պետությունը խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման և ագրեսիայի հետմղման ընթացքում» թեմայով անցկացվել են եռաստիճան ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմը: Զորավարժության անցկացման ընթացքում աշխատակազմը բերվել է բարձր պատրաստականության աստիճանի, կազմվել են աշխատանքային խմբեր, սահմանվել է շուրջօրյա և փոփոխված օրակարգով աշխատակարգ, տրվել են հանձնարարականներ:
Ուսումնասիրելով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կատարված աշխատանքները, նրանց հմտություններն ու կարողությունները՝ պարզ է դարձել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ունակ է կատարելու իր առջև դրված ռազմավարական խնդիրները՝ պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման և ագրեսիայի հետմղման ընթացքում:
ԱԺ աշխատակազմի աշխատանքը գնահատվել է դրական: Վերլուծության արդյունքում նաև արձանագրվել են որոշակի բացթողումներ, որոնք հետագայում բացառելու նպատակով խորհրդակցության մասնակիցների կողմից եղել են առաջարկներ: