Բա ի՞նչ է փոխվել, իրողությո՞ւն․ Շարմազանովը տարակուսած է
Հիմնական զեկուցող Գեւորգ Կոստանյանը շատ հստակ տվեց բոլոր հարցերի պատասխանները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ինձ համար տարակուսելի են իմ իշխանական գործընկերների հայտարարությունները, որոնք որեւէ կապ չունեն խնդրի էության հետ։ Այստեղ կա լուրջ պրոբլեմ եւ խորհրդարանը չի կարող ունենալ վերացական դիրքորոշում, կրավորական կեցվածք։ Այո՛, խորհրդարանը պետք է ունենա հստակ կեցվածք, պետք է ունենա շատ հստակ գործառույթ եւ դրա համար Մայր օրենքից բխող «ԱԺ կանոնակարգ» օրենքով տրվել է մեզ քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունքը»,-նշեց նա։
Պատգամավորը համոզված է՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը եթե մեկ տարի առաջ լիներ, Քննիչ հանձնաժողովի դեմ հանդես եկող «Ելք» խմբակցությունն էր ասելու ստեղծեք այդպիսի հանձնաժողով․ «Բոլոր նրանք, ովքեր փորձում են սահմանափակել ԱԺ պատգամավորների իրավունքները կրկնակի ստանդարտներ են կիրառում։ Եթե այս գործը լիներ 1 տարի առաջ, օդ կհանեիք պառլամետին, դուք կասեիք քննիչ հանձնաժողով ստեղծեք։ Բա ի՞նչ է փոխվել։ Իրողությո՞ւն»։
Ելույթի վերջում Շարմազանովը կոչ արեց միահամուռ կերպով վստահություն տալ հանձնաժողովին, որը պետք է լինի ապաքաղաքական, ապակուսակցական եւ նրա գործառույթների հիմքում պետք է լինի ՀՀ պետակն շահն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը։