Ուկրաինայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարևոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում: Դեսպան Լիտվինը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ամրապնդելու և առաջ մղելու տարբեր ոլորտներում ձևավորված հայ-ուկրաինական բարձր մակարդակի գործակցությունը: Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են եղբայրական և բարեկամական հարաբերություններով, որոնք լավ հիմք են փոխգործակցության հետագա զարգացման համար: