Եթե ինձ դաս տայիք, դասի չէի գա ու մեխանիկորեն կստանայի. Գևորգ Կոստանյանի և Ալեն Սիմոնյանի բանավեճն ԱԺ-ում
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմկահարույց հրապարակման հետ կապված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ զեկուցող Գևորգ Կոստանյանին հարցով նախ դիմել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, իրավունք չկա քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի դեռ քննություն է ընթանում:
ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի պատասխանին, թե ԱԺ արտահերթ նիստը և քննիչ հանձնաժողովը նպատակ ունեն ոչ թե բուն փաստը քննել, այլ այն, որ խախտվել է անձի և քաղաքացու գաղտնիության իրավունքը, արձագանքել է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ կասկածի տակ դնելով Գևորգ Կոստանյանի իրավաբանական գիտելիքները.
«Եթե Ձեր ուսանողը Ձեզ այսպես պատասխաներ, պետք է երկու նշանակեիք, ուղարկեիք տուն: Օրենք գոյություն ունի, տենց լավ իրավաբաններ եք, մի հատ նայեիք օրենքը, սա կանոնակարգ օրենքի խախտում է լինելու»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
«Ձեր գնահատականները իմ դասախոսական գործունեության վերաբերյալ չեք կարող տալ, քանի որ դժբախտաբար Ձեզ դաս չեմ տվել: Եթե Ձեզ դաս տված լինեի, այդկերպ չէիք վերաբերվի քրեական օրենսգրքի և ԱԺ կանոնակարգի մեկնաբանություններին»,- պատասխանել է Գևորգ Կոստանյանը:
«Բարեբախտաբար ինձ դաս չեք տվել, եթե դաս տայիք, ես դասի չէի գա ու մեխանիկորեն կստանայի»,- պատասխանել է Ալեն Սիմոնյանը:
«Ձեր ինքնավստահությունը Ձեր իրավաբանական գիտելիքների վերաբերյալ ողջունելի է, բայց մեկնաբանություններն ավելորդ են»,- ասել է Գևորգ Կոստանյանը՝ շեշտելով, որ իրենց առաջարկած նախաձեռնության նպատակը ոչ թե կոնկրետ տվյալ գաղտնալսման քննարկումն է, այլ այն, որ կա մերժելի երևույթ, որը պետք է քննվի, որպեսզի Հայաստանում մարդկանց ապօրինի չգաղտնալսեն, իսկ կոնկրետ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հարցը թող քննվի այդ նպատակով ստեղծված կառույցներում:
Գևորգ Կոստանյանի և «Ելք» խմբակցության պատգամավորների բանավեճը վերածվել է միմյանց իրավաբանական գիտելիքները կասկածի տակ դնելու փոխադարձ մեղադրանքների: