Մի փոքր էլ կմեծանաք և կհիշեք խոսքս՝ հանրապետականը այս 10 տարում մեծ աշխատանք է կատարել. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, որ ԵԽԽՎ-ն պետք է մոնիթորինգ անցկացնի, թե արդյոք կան նախկին իշխանությունների նկատմամբ բռնաճնշումներ, ասաց.
«Ամբողջ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումներ կան: Ես չեմ հասկանում՝ Հայաստանը հիմա որտեղով է գնում, գնո՞ւմ ենք դեպի հզոր Հայաստան, մարդիկ են եկել, բացի Նիկոլ Փաշինյանից, որոնց չեմ ճանաչում և չգիտեմ՝ իրենք այդքան ներուժ ունե՞ն, որ կառավարությունը տանեն այնպիսի ճանապարհով, որպեսզի մեր ժողովուրդը ավելի լավ աճի»:
Հարցին, թե ինքն իր նկատմամբ զգացե՞լ է ներկայիս իշխանությունների գործադրած ճնշումը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, թե ճնշում պետք է իմ նկատմամբ էլ լինի, որովհետև նույնիսկ եթե ճնշում լինի, էլի չեմ համարելու, որ ճնշում կա»:
Գալուստ Սահակյանը նաև նշեց, որ չի տեսնում երկրում տնտեսական քաղաքականության զարգացում և իր խոսքով՝ այդ գաղափարախոսությունը չկա:
«Ամբողջ ապարատը միայն զբաղված է կոռուպցիան վերացնելով, երբ ուրիշ բաներ լինեն, կխոսենք: Հանրապետականն այս 10 տարիների ընթացքում բոլոր ուղղություններով մեծ աշխատանք է տարել: Մի փոքր էլ կմեծանաք և կհիշեք խոսքս»,- ասաց նա: