Լեոյի փողոցում մի քանի անձի պառկեցրել են ասֆալտին (տեսանյութ)
Երեւանի Լեո փողոցում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ոստիկանությունը ասֆալտին է պառկեցրել հինգ անձի, որոնցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, ապա բերման ենթարկել:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հայտնաբերված զենքի օրինականությունը ստուգվում է, սակայն հրաժարվեցին նշել, թե ովքեր են բերման ենթարկված անձիք:
Ըստ լրատվամիջոցներում տարածված լուրերի՝ բերման ենթարկվածներն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի թիկնազորից են։ Հատկանշական է, որ այսօր ավելի վաղ խորհրդարանում Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ինքը թիկնապահ չունի։
Բացի դրանից, երեկ գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում է իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին: