Աշոտյանը ԱԺ խմբակցություններին առաջարկում է ստեղծել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հարցով քննիչ հանձնաժողով
Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման հարցը քննարկելու համար խմբակցություններին առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով: Աշոտյանը նման առաջարկով հանդես եկավ ԱԺ ամբիոնից:
«ԱԺ խմբակցություններին առաջարկում եմ Սահմանադրության 105 հոդվածից օգտվելով հրավիրել հրատապ թեմայով քննարկում՝ հրապարակված ձայնագրության վերաբերյալ: Կամ 108 հոդվածով ստեղծել քննիչ հանձնաժողով և քննարկել ամեն ինչ՝ սկսած նրանից, թե ինչպես է ձայնագրվել դա»,- առաջարկեց Աշոտյանը:
Լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշել է՝ դեմ չէ այդ առաջարկին:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Մարտի 1-ի գործով մանրամասների ու դրա շրջանակում կալանավորման որոշումների մասին են զրուցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Դրան «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անմիջապես հետո ասուլիսով հանդես եկան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հաստատելով, որ դա իսկապես իրենց հեռախոսազրույցն է: Վանեցյանը նշել է, որ այն եղել է զուտ իրավաբանական քննարկում: Սասուն Խաչատրյանը դա որակել է իրենց կանգնեցնելու խղճուկ փորձ: