Փաստացի ահաբեկչություն է տեղի ունեցել. Ալեն Սիմոնյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի մերժում ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը կուսումնասիր ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը։
«Կարծում եմ, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, որպեսզի մենք հասկանանք, թե ում քաղաքական մեջքը փրկելու համար է նման հակապետական քայլ արվել։ Փաստացի ահաբեկչություն է տեղի ունեցել, քանի որ ՀՀ ազգային անվտանգությունը նաև մեր սահմաններն են, Ադրբեջանի հետ կապված բազմաթիվ հարցերն են, իրոք մտահոգող է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը գործի բացահայտման հետ կապված քրեական գործ է հարուցել։ Ըստ նրա ՝ պետք սպասել ու տեսնել, թե իրավապահ մարմիններն ինչ արձագանք են տալիս այն հարցին, թե գաղտնալսումն ում կողմից է կատարվել։
«Երբ դու ազնիվ ես, երբ դու իրոք որևէ բան չունես թաքցնելու, իսկ մենք մեր գործելաոճի մեջ միշտ թափանցիկ ենք եղել, նույնիսկ մեր ցուցակներն ենք բաց ձևով կազմել, մտածելու բան չունենք, թե ինչ հանձնաժողով կստեղծվի։ Կքննարկենք ու կորոշենք հանձնաժողովի հետ կապված։ Ես որևէ մտահոգություն չունեմ այս հարցի հետ կապված»,- շարունակեց նա։
Դիտարկմանը, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ասուլիսին ակնարկեց, որ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսելու հիմքում տեսում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Նախ ուզում եմ ասել, որ հպարտանում եմ ՀՀ ԱԱԾ պետի գործով, այսինքն՝ այն աշխատանքներով, որոնք ինքն արել է ու անում է։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով է արել, ասեմ, որ իմ համոզմամբ՝ դա իրոք արվել է Քոչարյանի կողմնակիցների կողմից։ Արվել է մի նպատակով՝ թուլացնել ԱԱԾ պետին, Հատուկ քննչական ծառայության պետին, որպեսզի նրանք չկարողանան ավարտին հասցնել այն ամենը, ինչ իրենք սկսել են»։