Սեպտեմբերի 12-ից միջազգային չվերթների ավիատոմսերը կթանկանան
Չորեքշաբթի օրվանից՝ սեպտեմբերի 12-ից ի վեր Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայում (IATA) եվրոյի փոխարժեքը կաճի մինչև 81 ռուբլի, իսկ դոլարի փոխարժեքը՝ մինչև 70 ռուբլի: Նման փոխարժեքը կպահպանվի մինչև սեպտեմբերի 18-ի կեսգիշեր, հայտնում է atorus.ru-ն:
Ռուսաստանի կենտրոնական բանկի սեպտեմբերի 10-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում է 69,03 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝ 80,4 ռուբլի: Այդ տվյալների հիման վրա չորեքշաբթի օրվանից տեղի կունենա միջազգային չվերթների ավիատոմսերի թանկացում:
Այժմ IATA-ում եվրոյի ներքին փոխարժեքը կազմում է 79 ռուբլի: Սեպտեմբերի 12-ից եվրոյի փոխարժեքը, որով հաշվարկվում է միջազգային չվերթների ավիատոմսերի արժեքը, կաճի 2 տոկոսով՝ հասնելով 81 ռուբլու: Դոլարի ներքին փոխարժեքը 68-ից կդառնա 70 ռուբլի:
Կայքը հիշեցնում է, որ IATA-ի փոխարժեքը, որով որոշվում է միջազգային չվերթների ավիատոմսերի գինը, 2006 թվականից կապված է եվրոյի և դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի հետ: