Վստահ եմ, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Միկաել Ժանի այցը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, ուստի պատահական չէ, որ մեր քննարկման հիմնական թեման հենց գագաթնաժողովն է: Քննարկել ենք այն գերակայությունները, որ կան մեր ու ֆրանկոֆոն երկրների օրակարգում»,- ասաց նա:
Նա նկատեց, որ Ֆրանկոֆոնիան՝ որպես լեզվի բազմազանության և ֆրանսերենի տարածման լծակ, կարևոր դեր ունի Հայաստանի համար: «Լեզուն կարևոր գործիք է՝ առաջ տանելու ընդհանուր արժեքները, նպատակները, համագործակցությունը»,- ասաց նա:
ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ տարբեր մայրցամաքներ և երկրներ ներառող կառույցը հարթակ է, որտեղ բոլորն աշխատում են միասին՝ օգտագործելով համագործակցության ընդհանուր արժեքներ, որոնք են բազմազանությունը, համերաշխությունը, մարդասիրությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ նպատակ կա հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ 2018-2020 թվականների մեր նախագահության ընթացքում: «Վստահ եմ, որ գագաթնաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար: Փորձում ենք, որքան հնարավոր է, ցույց տալ մեզ ու մեր մշակույթը, արժեքները»,- ասաց նա:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ներկայացրեց, որ գագաթնաժողովի օրերին կազմակերպվելու են տարատիպ միջոցառումներ՝ մշակութային, տնտեսական:
«Գործընկեր երկրների հետ ավարտին ենք հասցնում բանակցությունները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվելիք եզրափակիչ փաստաթղթի շուրջ,- ասաց նա,- Հայաստանի համար սա բավական մեծ պատիվ է և պատասխանատվություն: Մենք Ֆրանկոֆոնիայի նոր, բայց բավական վստահ ու հպարտ անդամ ենք և մեր գործունեությամբ ու անդամակցությամբ փորձում ենք բազմակողմ համագործակցության այս հարթակն օգտագործել՝ առաջ տանելու այն ընդհանուր արժեքները, որոնք միավորում են անդամ պետությունները Ֆրանկոֆոնիայի շրջանակում»: