Ո՞րն է իսկական հեղափոխությունը՝ ըստ Արամ Սարգսյանի
Քաղաքագիտական բովանդակության տեսանկյունից «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հեղափոխություն է համարում 1989-1990 թվականներին տեղի ունեցածը, երբ պետության համակարգն ամբողջությամբ փոխվեց։ Այս մասին պատգամավորը նշեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի շարժման և իշխանափոխության մասին Սարգսյանը ասաց հետևյալը.
«Իմ համար սա երրորդ հանրապետության շարունակությունն է։ Մենք պիտի գիծ չգծենք, ասենք, որ մինչև այս ինչ եղել է, վատն է, մինչև այս եղած իշխանությունները միայն վատն են կատարել։ Բավարար է նայել մեր կողքի հարևաններին, մեր նման կենսագրություն ունեցող պետություններին ու կարող ենք տեսնել որ մեր երկիրը շատ առումներով այդ երկրներից բավական առաջ է, նույնիսկ Կենտրոնական Եվրոպայի երկրներից»:
Պատգամավորի խոսքով՝ պետք է նախորդ իշխանություններից լավը վերցնել, վատը մերժել ու շարժվել առաջ, և դա է, որ կլինի իսկական հեղափոխությունը։