Դուբլինում հայ տղամարդը մոտոցիկլետով վրաերթի ենթարկվելուց հետո լուրջ վնասվածքներ է ստացել
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում 39-ամյա Իլաբեկ Ավետյանը մոտոցիկլետով վրաերթի է ենթարկվել, որի հետևանքով տղամարդը ստացել է մի շարք լուրջ վնասվածքներ. նա կորցրել է ձախ աչքը, ինչպես նաև ունի մի շարք կոտրվածքներ ճակատի, քթի և ծնոտի հատվածներում:
Նրա կինը՝ 43-ամյա Անժելա Կոստանյանը, ասել է, որ «աշխարհը փուլ է եկել իր գլխին»: Ամուսիններն այգում են եղել, երբ բլրի կողմից մոտոցիկլետ է հայտնվել և քշել ուղիղ զույգի վրա: Բժիշկները հայտնել են, որ Ավետյանն ուղեղի լուրջ վնասվածք է ստացել, որի հետևանքով ծանր նյարդաբանական դեֆիցիտ է առաջացել: Այդ օրվանից ի վեր նա պառկած է Բոումոնթի հիվանդանոցում, հաղորդում է «The Irish Times»-ը:
«Ոչ ոք պատասխան չի տալիս սրա համար: Ինչպե՞ս կարող է նման բան պատահել: Մենք Լիտվայից եկել ենք Իռլանդիա՝ նոր կյանք սկսելու: Ուզում էինք երեխա ունենալ և տուն գնել Իռլանդիայում: Այդ օրը մեր ծրագրերն էինք քննարկում»,- ասել է Անժելա Կոստանյանը:
Հունիսին Իռլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ 16-ամյա մի տղա օգնում է պատահածի քննությանը, սակայն 3 ամսվա ընթացքում ոչ ոք առայժմ չի ձերբակալվել: Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է:
Անժելա Կոստանյանը ևս կոտրվածքներ է ստացել: Նա հայտնել է, որ այդ վիճակով չի կարող աշխատել, քանի որ պաշտոնական թույլտվություն չունի: Բժիշկներն առաջարկել են նրա ամուսնուն տեղափոխել Լիտվա՝ իր հոր մոտ, սակայն Կոստանյանը մերժել է՝ ասելով, որ տուն չունի ո՛չ Լիտվայում, ո՛չ Ռուսաստանում, որի քաղաքացի է: Կնոջ մայրն այժմ Դուբլինում է, սակայն մինչև սեպտեմբերի 20-ը պետք է հեռանա: Կոստանյանը ֆինանսական օգնություն ստանում է իր և ամուսնու ընտանիքից, սակայն պետությունը չի աջակցում, և Դուբլինում ապրելը լուրջ խնդիր է դառնում:
Անժելա Կոստանյանը ցանկանում է հասնել նրան, որ հասարակական վայրերում նման մոտոցիկլետներ վարելն օրենքով արգելվի: Արդարադատության նախարարության խոսնակն ասել է, որ պատշաճ քրեական օրենսդրություն է քննարկվում, որով ոստիկանությունը կկարողանա վերահսկել մոտոցիկլետ վարելը:
GO Fund ME կայքում էջ է բացվել՝ զույգին աջակցելու նպատակով: