Եթե չքվեարկեիք, մինչև հիմա չէիք կարող ձեր տները գնալ. Նիկոլ Փաշինյանը՝ իրեն վարչապետ ընտրելու մասին
Որևէ պատգամավոր, որեւէ խորհրդարանական ուժ չմտածի, որ ինձ լավություն է արել՝ իմ օգտին քվեարկելով, որովհետեւ եթե չքվեարկեիք, դուք ընդհանրապես էդ օրը, հաջորդ օրը, մինչև հիմա չէիք կարող ձեր տները գնալ, որովհետեւ ժողովուրդը ձեզ թույլ չէր տա Երեւանի փողոցներով քայլել։ Այս մասին սեպտեմբերի 10-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում՝ Էրեբունի թանգարանին հարակից հրապարակում:
«Չնայած ես գիտեմ, որ դուք դա գիտեք, մի բան իմացեք, որ մենք, ես ինքս, երբեք ու երբեք իշխանությունից չեմ կառչելու. որ օրը ՀՀ քաղաքացիները կորոշեն, որ մենք այլեւս չենք լինելու իշխանության, 15 րոպե հետո մենք չենք լինի իշխանության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկնեց, որ իշխանություն ունի միայն ժողովուրդը. «Ով որ ասում է, թե Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ կուսակցությունն ունի իշխանություն, նա ոչինչ չի հասկանում, որովհետեւ ՀՀ-ում իշխանություն ունի միայն ժողովուրդը, միայն քաղաքացին եւ այլ կերպ երբեք չի լինելու»:
«Ոնց որ թե դուք դասեր չեք քաղել ապրիլ-մայիսից, դուք ոնց որ թե գնում եք նույն ճանապարհով. սը-թափվե՜ք գժուկներ, սը-թափվե՜ք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։