Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի. Միքայել Մանուկյանը՝ ՀՅԴ-ի վարկանիշի մասին
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը շատ բարձր է գնահատում Դաշնակցության վարկանիշը: Նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն վստահությու հայտնեց, որ իրենց կուսակցություն այս ընտրություններում հաղթելու է:
Հարցին, արդյո՞ք Դաշնակցության շուրջ վերջին շրջանի զարգացումները, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին սատարելը չբացառելը չեն վնասի կուսակցության վարկանիշին, Մանուկյանը պատասխանեց. «Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է ներկայանա իր ժողովրդին: Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի, վերջին գործընթացներում՝ նույնպես»։
Ավագանու ընտրություններին ներկայացրած ծրագիրն էլ դաշնակցական գործիչը հավակնոտ է կոչում:
«Մեր ծրագիրը շատ հավակնոտ է։ Ծրագրի շուրջ աշխատել են շուրջ 30 լավագույն մասնագետներ՝ տարբեր ուղղություներով՝ տրանսպորտ, կանաչապատում, համայնքային կառավարում եւ այլն: Երեւանի ծաղկապատումն այդքան էլ հաջող չէ, դա էսթետիկ տեսքի համար է: Այսօր Երեւանը պետք է ունենա անտառապատ պաշտպանիչ շերտ՝ փոշուց ազատվելու համար։ Տրանսպորտի պարագայում պետք է գործի միասնական երթուղային համակարգ»,- ծրագրի մանրամասները նշեց Մանուկյանը:
Դիտարկմանը, թե քաղաքի խնդիրների լուծման համար հաճախ ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում, Մանուկյանը պատասխանեց. «Կարեւորը գործն է: Ես հավատացած եմ, որ ֆինանսական միջոցներ հնարավոր է ճարել, հայթայթել թե՛ միջազգային կառույցների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում, թե՛ մեր՝ համայն հայության ներուժն օգտագործելով»։
Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետի գործունեությանը, Միքայել Մանուկյանն ասաց. «Ամեն քաղաքապետ իր հետեւից թողել է իր հետքը՝ ե՛ւ լավ իմաստով, ե՛ւ վատ։ Տարոն Մարգարյանը քաղաքի էսթետիկ վիճակի մասով բավական գործ է արել՝ թե՛ ծաղկապատման, թե՛ նստարանների հետ կապված»։