Մեր ժողովուրդը բռունցք սիրում է. Ալիկ Սարգսյան
«Ես չեմ կարծում, թե միայն արագաչափերը շատացնելով պետք է կանխել ճանապարհատրանսպորտային պատահարները: Դա կոմպլեքս աշխատանք է, ավելի լուրջ մոտեցում է պահանջում: Բերել, կացնով ջարդել, ասել՝ եթե արագաչափերը ավելացնենք, միջադեպերը կնվազեն, ես այդ կարծիքին չեմ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
Նրա համոզմամբ՝ վերջին ժամանակները ոստիկանության որդեգրած մեղմ մոտեցումը հասարակությանը դուր է գալիս, սակայն դժվար թե հաջողություններ գրանցի, որովհետև «կյանքը ցույց է տվել՝ մեզ մոտ մի քիչ դժվար է»:
«Մենք ո՛չ եվրոպական երկիր ենք, ո՛չ էլ Ամերիկա: Մեր ժողովուրդը մի քիչ բռունցք սիրում է: Եթե այդ բռունցքը չեն տեսնում, անպայման սողանցքներ են ման գալիս՝ ինչ-որ մի կերպ օրենքը խախտելու համար»:
Ալիկ Սարգսյանն ասել է, որ իր՝ ոստիկանապետ եղած ժամանակ միշտ ցուցումներ է տվել, որ ներել պետք է կարողանալ, բայց ներման մեջ պատիժ պետք է լինի: