Ես հակահարված եմ տալու բոլորին, որոնք ուզում են վերադարձնել հինը. ՊԵԿ նախագահը՝ տոնավաճառների առևտրականներին
Այն մարդիկ, որոնք ասում են, թե մաքսատուրքերն ավելացել են, նրանք մաքսազերծման գումարներին ավելացրել են բեռնափոխադրումների ծախսերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ տոնավաճառների առևտրականներն ու ներկրողները դժգոհում են, թե մաքսազերծման սակագների բարձրացել են, ընթացակարգը բարդացել է։
«Բեռնափոխադրումների ծախսերը մեզ հետ կապ չունեն: Կան բեռնափոխադրողներ, որոնք յուրաքանչյուր կիլոգրամի համար որոշակի գումար են պահանջում: Մենք հայտարարել ենք, որ մաքսազերծումները լինելու են ըստ ապրանքի տեսակի: Մենք ասել ենք, որ ժամանակավոր կարող է կիրառվել ըստ կիլոգրամի մաքսազերծման այլընտրանքային մեխանիզմ, և կգ-ի դիմաց գանձումների որոշակի բարձրացումներ ենք նախատեսել: Բայց մենք այնպիսի գումար ենք առաջարկել, որ կարողանալու ենք ապահովել ըստ տեսականու մաքսային ձևակերպումները»,-ասաց Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով նրան, որ «Առինջ մոլի» առևտրականները նախորդ երկուշաբթի եկել էին կառավարության դիմաց և իրենց անհամաձայնությունն էին հայտնում, Դավիթ անանյանը տեղեկացրեց, որ դրանից մի քանի օր առաջ նրանց հետ հանդիպել են ՊԵԿ փոխնախագահները, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ինքը երկուշաբթի կառավարություն պետք է ներկայացնի առևտրականների խնդիրները, նաև ՊԵԿ-ի դիրքորոշումը, սակայն առևտրականները որոշեցին հենց երկուշաբթի բողոքի ակցիա անել:
«Մեր առաջարկած տարբերակը օրենսդրությամբ գործելու հստակ մտադրություն ունի: Դրան հակառակ որևէ այլ առաջարկ, որը կապված է նախորդ սակագների կիրառման առաջարկների կամ պահանջի հետ, միանշանակ մերժվելու է: Եթե ուզում ենք ունենալ պատկեր, որ մենք հարկային պարտավորությունները մի փոքր բարձրացնելով ավելի թափանցիկ դաշտ ենք ունենալու, ես պատրաստ եմ գնալու մինչև վերջ: Եթե մարդիկ ուզում են հարկեր թաքցնել և այդ մտադրությունն ուզում են կառավարության վզին փաթաթեն, ես այդպիսի մարդկանց հետ որևէ ճանապարհ գնալու մտադրություն չունեմ: Ես հակահարված եմ տալու այն անձանց, որոնք ուզում են վերադարձնել հինը»,-հայտարարեց Դավիթ Անանյանը: