«Հրազդան» մարզադաշտի մոտ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, հնչել են կրակոցներ
Սեպտեմբերի 9-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Թորոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Հրազդան» մարզադաշտի մոտից։
Ոստիկաններն ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են 20-ից ավելի երիտասարդներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ, կրակված 1 պարկուճ և արնանման հետքեր։
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: