Խայտառակ կլինեմ, եթե մեր կառավարության օրոք Հայաստանում քաղբանտարկյալներ հայտնվեն․ ՀՀ վարչապետ
Հայաստանում քննվող որևէ գործի մեջ ՀՀ վարչապետը բացառում է քաղաքական կոմպոնենտի առկայությունը, այդ թվում և Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Ավելին, նա ավելացրեց, որ իր համար անձնապես տհաճ կլինի նման կոմպոնենտի առկայությունը։
«Ինքս ինձ համար անձնական խայտառակություն կհամարեմ, որ Հայաստանում մեր կառավարության օրոք քաղբանտարկյալներ հայտնվեն, և որևէ մեկը լինի քաղբանտարկյալ», – նշեց Փաշինյանը։
Մինչ այդ վարչապետը պատասխանել էր նաև Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի գործերում Ռուսաստանի ներգրավվածության մասին հարցերին։ Փաշինյանը շեշտել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են բոլոր հնարավոր հարցերը, բայց, օրինակ, Հարությունյանի գործով պետք է զբաղվեն երկու երկրների իրավապահները, որովհետև դա իրավական խնդիր է։