Եթե այդ գործում լիներ քաղաքական բաղադրիչ, Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատության մեջ չէր լինի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հիմա արդեն պետք է լինի լիարժեք ըմբռնում, որ մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մեջ քաղաքական որևէ բաղադրիչ չկա:
«Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց՝ եթե այդ գործում լիներ քաղաքական բաղադրիչ, Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատության մեջ չէր լինի: «Սա չի նշանակում, որ եթե նա վաղը լինի կալանքի տակ, կստացվի, որ կա քաղաքական կոմպոնենտ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել 2008թ. մարտի 1-ին, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ: «Եվ այն փաստական հանգամանքները, որ կան, գոյություն ունեն, որոնց տիրապետում են վարչապետին կից օպերատիվ մարմինները, կարծում եմ, որ նոր լույս կսփռեն ակնհայտի վրա: Կարծում եմ, որ չի կարող լինել որևէ կասկած, որ որևէ գործի մեջ քաղաքական կոմպոնենտ կլինի»,- հավելեց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ ինքն իր համար անձնական խայտառակություն կհամարի, որ Հայաստանում իր ղեկավարած կառավարության օրոք քաղբանտարկյալներ լինեն: