Վստահ եղեք, որ այստեղ հեռանկարային է ձեր բիզնեսը. Վարչապետը՝ գործարարներին
Հայաստանի կառավարությունը հնարավորություններ է ստեղծում գործարար միջավայրի համար, որպեսզի ներդրողներն իրենց անկաշկանդ զգան, մարզերն էլ՝ զարգանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջևանում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր նպատակն արտերկրից ներդրողների հրավիրելն է։ Պետք է մարզ առ մարզ փոխենք մեր երկիրը: Հայաստանում տնտեսությունը կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ գործարարն ու կառավարությունը դառնան գործընկեր, երբ հավասար ու արդար միջավայր լինի: Մենք հնարավորություն ենք տալիս ազատ գործելու։ Ուզում ենք քաջալերել Հայաստանում գործ սկսող բոլոր մարդկանց: Վստահ եղեք, որ այստեղ հեռանկարային է ձեր բիզնեսը»,- ասել է վարչապետը:
Նա անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք նոր՝ աննախադեպ բարձր մակարդակի վրա են:
«Ուշ գիշերն եմ վերադարձել Մոսկվայից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարևոր հարցեր ենք քննարկել: Կարող եմ ասել, որ մեր միջև լիարժեք փոխվստահություն կա, և կարծում եմ՝ այդ մթնոլորտը կստիպի, որ մեր երկրների տնտեսական կապերը զարգանան և դա ևս մեկ գործոն կլինի, որ Ռուսաստանում մեր հայազգի գործարարները ոչ միայն այնտեղ գործեն, այլ նաևՀայաստանում»,- ասել է վարչապետը: