Հարկ տվողը պետք է ոչ թե ափսոսանքով տա հարկը, այլ վստահ լինի, որ այն արդյունավետ է աշխատում․ վարչապետ
Հայաստանում երկար ժամանակ շահույթ ստանալը եղել է զարտուղի ճանապարհով, դրա պատճառով էլ շահույթ ստանալն ամոթ է համարվել։ Բայց շահույթ ստացողը շահութահարկ է տալիս, ու դրանով մենք իրականացնում ենք բանակի և տնտեսության ապահովումը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին ժամանակ։
«Մենք պետք է ամենաբարձր արժանիքներին արժանացնենք շահույթ ստացողին։ Մենք ասում ենք, որ մեր խնդիրն ագրարայինից տեխնիկական երկիր դարձնելն է, որովհետև գյուղատնտեսության այն մշակույթը, որ մեզ մոտ կա, դրանով հեռու չես գնա։
Մեզ համար շատ կարևոր են նաև տեքստիլը, սննդի արդյունաբերությունը, ոսկերչությունը, ադամանդագործությունը։ Բայց ընդհանուր առմամբ մեր նպատակը պետք է լինի արտահանումը, քանի որ մեր շուկան փոքր է։
Ես դրա մեջ նկատի ունեմ նաև տուրիզմը, քանի որ դա ծառայությունների արտահանում է։ Հիմա կառավարության խնդիրներից մեկը հարկային օրենսդրությունն է, որի վրա աշխատանք է տարվում»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ տեքստիլի ոլորտում խնդիրներից մեկն այն է, որ բրդի մթերում չկա։ Այդ բրդի մեծ մասը կորչում է թափոնների տեսքով ու աղտոտում է նաև շրջակա միջավայրը։ Հայկական բուրդը կարող է օգտագործվել գորգերի պատրաստման համար, տեղ-տեղ փոքր չափով մթերվում է, բայց ընդհանուր առմամբ խնդիր կա։
«Հայաստանում թվում է, թե բիզնեսն ու պետությունը բարիկադի տարբեր կողմերում են, բայց բոլորը մի կողմում պետք է լինեն։ Հարկ տվողը պետք է ոչ թե ափսոսանքով տա հարկը, այլ վստահ լինի, որ այդ հարկը արդյունավետ է աշխատում, ապահովում է ճանապարհներ,անվտանգություն և արդարադատություն»,-ասել է վարչապետը։