Երբեք Հայաստանի պատմության մեջ 5,5 տոկոսով հիպոթեքային վարկ չի եղել. վարչապետ
Հայաստանում մի շարք ապրանքների մթերման ժամանակ հարց է առաջանում` որքան է դրա ինքնարժեքը: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղացիները գալիս են, ասում, որ իրենց խաղողը, ցորենը կամ կարտոֆիլը պետք է մթերեն ոչ թե 50, այլ 80 դրամով, բայց ո՛չ գյուղացին, ո՛չ կառավարությունը չգիտեն` ինքնարժեքը որքան է:
«Պարզ է, չէ, ինքնարժեքը պետք է իմանալ, անհասկանալի է` ինչ է կատարվում: Այսօր Հայաստանում սկսվել է բանկային տոկոսադրույքների անկման գործընթաց, հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների անկման գործընթաց ունենք: Շուտով սոցիալական բնակարանաշինություն ենք սկսելու, որտեղ երկրորդային շուկայից հիպոթեքային վարկ է լինելու` աննախադեպ ցածր: Երբեք ՀՀ պատմության մեջ 5,5 տոկոսով հիպոթեքային վարկ չի եղել»,- ասաց նա:
Փաշինյանը նաև նշեց, որ փոփոխություն կկատարվի երիտասարդ ընտանիքների տարիքային շեմում. եթե այն հիմա 65 է, կդարձնեն 70, որպեսզի նաև այդ շուկայում որոշակի աշխուժություն տեղի ունենա:
«ՀՀ տնտեսության մեջ բազմաթիվ հարցեր կան, որ անպատասխան են: 25 տարվա ընթացքում չունենք բանաձև բազմաթիվ բաների ինքնարժեքը ունենալու, ավելի բարդ բաներ ունենալու բանաձևը բնականաբար չունենք, բայց կարող ենք ասել` ով, որտեղ, քանի տոկոս փայ պիտի մտնի: Դրա հաշվարկները կան»,- ասաց նա: