Երևանում 2 հազար նոր տեսախցիկ տեղադրելու որոշում չկա. ծրագիրը դեռ ուսումնասիրվում է. ոստիկանություն
Երևանի տարածքում շուրջ 2 հազար նոր տեսախցիկ տեղադրելու որոշում չկա, խոսքը ոստիկանության ներկայացված եւ ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով դրա վերաբերյալ մամուլի տեղեկություններին:
Պարզաբանման մեջ, մասավորապես, ասվում է.
«Ըստ այդմ՝ վերջնական չէ նաեւ տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումնասիրությունների արդյունքներով:
Միեւնույն ժամանակ նկատենք, որ տեսախցիկների տեղադրումը դիտարկվում է ոչ միայն ճանապարհային երթեւեկության կառավարման, այլեւ ընդհանրապես հանցավորութան դեմ պայքարի ու հանցագործության դեպքերի նվազեցման համատեքստում:
Ուստի, անկախ նրանից, թե տեսախցիկների ինչ քանակ կնախատեսվի, դրանք համաչափության սկզբունքով պետք է տեղադրվեն եւ մայրաքաղաքում, եւ մարզերում:
Ինչ վերաբերում է լուրերին, թե տեսախցիկներ են տեղադրվում «ընդդեմ» վարորդների, ապա հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթացը, ինչպես եւ կիրառության մեջ է դրել երթեւեկության կազմակերպման պատժական սկզբունքը ոստիկան-վարորդ-հետիոտն համագործակցության սկզբունքով փոխարինելու գործընթացը:
Ուստի, կրկնում ենք, ինչպես ուսումնասիրվող, այնպես էլ ոստիկանության կողմից կիրառման դրված ու նախատեսվող բոլոր ծրագրերը ուղղված են ոչ թե որեւէ մեկին տուգանելուն, այլ մեր քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովմանը»: