Կարծում եք՝ ես երիտասարդ չե՞մ․ Արմեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է PicsArt ընկերություն, որի հեռախոսային հավելվածն ամենատարածվածներից է աշխարհում և թույլ է տալիս լուսանկարների մոնտաժ իրականացնել։ Արմեն Սարգսյանին ներկայացրին հիմնականում դեռահասների շրջանում տարածված հավելվածի հնարավորությունները, ինչից հետո լրագրողը նախագահին հարցրեց՝ իսկ ինքը՝ Արմեն Սարգսյանը, կունենա՞ ժամանակ երիտասարդների համար նախատեսված այդ ծրագրից օգտվելու համար։
«Իսկ երիտասարդի սահմանումը ո՞րն է։ Դուք կարծում եք՝ ես երիտասարդ չե՞մ»,– ժպիտը դեմքին պատասխանեց նախագահը։
Լրագրողը նշեց, որ Արմեն Սարգսյանին համարում է հոգով երիտասարդ, ինչին նախագահը պատասխանեց, որ ոչ միայն հոգով է երիտասարդ, այլև մտքով ու ապրելակերպով։ Լրագրողի այն մտքին, որ տարեցներն այսպիսի ծրագրերը թիթիզություն են համարում, նախագահը պատասխանեց, որ դա մարդկանց մշակութային տարբերությունների հարց է։
«Միշտ տարբերություն կա ավագ սերնդի հետ համեմատությամբ։ Ճաշակների տարբերություն կա, ժամանակները տարբեր են։ Երբ ես 20 տարեկան էի, այն ժամանակ ուրիշ երաժշտություն էին լսում։ Եվ պատկերացնո՞ւմ եք՝ Խորհրդային Միությունում երիտասարդներ կային, որոնք մազերը երկարացնում էին, ընդ որում՝ շատ հաճախ երկարացնում էին որպես բողոքի նշան»,– հիշեցրեց նախագահը։
Արմեն Սարգսյանը պատմեց, որ այդ ժամանակ ԵՊՀ ուսանողները «հեղափոխություն» էին արել՝ հագնելով կարճ շրջազգեստ, քանի որ կարգը պահանջում էր հագնել ոչ կարճ, ոչ երկար։