Բանակում երիտասարդը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի պաշարը, այլև պետք է ավելացրած դուրս գա բանակից. ԿԳ նախարար
Բանակը պետք է վերածվի կրթական ևս մեկ օղակի, երիտասարդը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի պաշարը, այլև պետք է ավելացրած դուրս գա բանակից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին նվիրված գիտական կոնֆերանսի ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ես ծաոթացել եմ Դավիթ Տոնոյանի տեսլականին և կարծում եմ՝ կրթական բաղադրիչը շատ կարևոր է, առանց այս բաղադրիչի դժվար իրագործելի են բանակի առջև դրված խնդիրների իրագործումը: Թե կառավարության ղեկավարը, թե կառավարության շատ անդամներ ԶՈՒ կրթական բաղադրիչի հետ կապված հայտարարություններ են ունեցել»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով, բանակը պետք է վերածվի կրթական ևս մեկ օղակի, ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի պաշարը, այլև ավելացրած դուրս գա բանակից: «ԿԳՆ պատրաստ է առավելագույնը անել դրա համար: Հնգամյա ծրագրում այս քայլերը իրագործելու համար կան հստակ կետեր, որտեղ ՊՆ-ն և ԿԳՆ-ն սերտորեն գործակցելու են: Դրանք հայեցակարգային են: Մի շարք ուղղություներով առաջնահերթ գործողություներ պետք է արվեն, առաջին խնդիրներից մեկը զորացրվող զինծառայողների վերապատրաստման կողմնորոշման գործառույթն է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ԿԳՆ-ն իր ռեսուրսներով պատրաստ է օժանդակելու այս հարցում, որ զինծառայողները զորացրվելուց հետո առավելագույն կարճ ժամանակահատվածում զբաղմունք գտնեն աշխատաշուկայում:
Նրա խոսքով, «Հանրակրթության մասին» օրենքով դպրոց մտնող մասնագետին անհրաժեշտ է մանկավարժի որակավորում. «Նախկինում պիլոտային ծրագիր է իրականացվել զորացրվողներին բուհեր վերադարձնելը դյուրացնելու առումով, բայց դա շարունակություն չի ունեցել, կարծում եմ շատ կարևոր նախագիծ կարող է լինել նաև սա»: