Մեքսիկայում զանգվածային գերեզմանում 166 դի է հայտնաբերվել
Մեքսիկայի Վերակրուս նահանգում ոստիկանությունը զանգավածային գերեզման է հայտնաբերել, որում եղել է 166 դի, հայտնում է france24.com-ը՝ նկատելով, որ Վերակրուսում արյունալի բախումներ են ընթանում տեղի նարկոկարտելների միջև:
Նահանգային դատախազ Խորխե Ուինքլերը նշել է, որ այս մեկը Վերակրուսում հայտնաբերված զանգվածային գերեզմանների շարքում խոշորագույններից է:
Դրա գտնվելու հստակ վայրը չի նշվում, սակայն հայտնի է, որ այնտեղ դեռևս աշխատում են դատաբժշկական փորձագետները:
Ուինքլերը մանրամասնել է, որ օգոստոսի 8-ից սկսված արտաշիրիմման գործընթացի շրջանակում քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 200 կտոր հագուստ, 144 հատ ID քարտ ու այլ անձնական իրեր:
Աղբյուրը նկատում է, որ Վերակրուսը հայտնի է կոռումպացված քաղաքական գործիչներով ու փողի և իշխանության համար պայքարող նարկոկարտելներով, որոնց թունավոր խառնուրդը բռնության սարսափելի ալիք է բարձրացրել:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2006թ. ի վեր Վերակրուսում անհետ կորել է ավելի քան 3.600 մարդ: Մինչդեռ նարկոկարտելների դաժան պայքարի հետևանքով վերջին տարիներին Մեքսիկայում սպանվել է 200.000-ից ավելի մարդ: Այդ առումով ռեկորդային է եղել նախորդ տարին, երբ գրանցվել է 28.702 զոհ և 37.000 անհետ կորած: