Ոստան գյուղի բնակիչը կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել
Սեպտեմբերի 5-ին ժամը 15։10-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին դիմած կինը հայտնում էր, որ Ոստան գյուղի բնակիչ ոմն Գրիգոր կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ նշած անձը 45-ամյա Գրիգոր Գ.-ն է։ Ժամը 15.00-ի սահմաններում, օգտվելով փոստի աշխատակցուհու բացակայությունից, նա կոտրել էր դռան ապակին, մտել ներս եւ գրասեղանի դարակից փող հափշտակել։ Փոստային մասնաճյուղը Ոստան գյուղի համայնքապետարանի շենքում է։ Համայնքապետարանի երկու աշխատակցուհիներ տեսել էին գողության պահը, փորձել էին բռնել Գրիգոր Գ.-ին։ Նա կանանց հրել ու փախել էր:
Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու եւ Գրիգոր Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում, նույն օրը ժամը 20.05-ին Գրիգոր Գ.-ն հայտնաբերվել եւ կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին:
Հափշտակված գումարը մասամբ առգրավվել է: Պատճառված վնասի չափը պարզվում է:
Գրիգոր Գ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն: