Հարբած մտել էին սուպերմարկետ, աշխատողների վրա օդամղիչ զենք պահել եւ քաշքշել իրար
Սեպտեմբերի 5-ին ժամը 22.40-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը եւ հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ սուպերմարկետ են մտել հարբած երեք հոգի, աշխատողների վրա զենք են պահում ու քաշքշում իրար:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 22։20-ի սահմաններում Աբովյանի Սեւանի փողոցում գտնվող սուպերմարկետում, 46-ամյա Կորյուն Ա.-ն, 38-ամյա Վազգեն Ա.-ն 34-ամյա եւ Վախթանգ Ա.-ն ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են սուպերմարկետի մենեջերի հետ, ապա շարունակել են վիճել պահնորդի հետ։ Այդ ընթացքում Վախթանգ Ա.-ն սուպերմարկետի բակում կայանված «Տոյոտա Ռավ 4» ավտոմեքենայից վերցրել է ատրճանակը եւ փորձել է վնասել պահնորդին։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառմամբ, րոպեներ անց, Կորյուն Ա.-ն, Վազգեն Ա.-ն եւ Վախթանգ Ա.-ն հայտնաբերվեցին եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին։ Մեքենայում, ղեկի տակ հայտնաբերվել եւ վերցվել է «MP-654» KT 0362.156 գործարանային համարով օդամղիչ ատրճանակ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Քննությունը շարունակվում է։