Այնքան չուզող ունենք այդ դաշտում, որ կարող են օգտագործել ցանկացած առիթ. Արմեն Ռուստամյան
«Մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր և նշանակալից են, որ ցանկացած խնդիր էլ պետք է ստորադասվի, և այս հանդիպումից էլ մենք շատ մեծ ակնկալիք ունենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին՝ թե ի՞նչ մոտեցմամբ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնա սեպտեմբերի 8-ի հանդիպմանը։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ հստակ ներկայացվի Արցախի հարցի կարգավորման հետ կապված Հայաստանի դիրքորոշումը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ Ռուստամյանն ասաց. «Շատ կարևոր է արագ յուրացնել այն ամբողջ արսենալը, որ բանակցությունների ժամանակ ի վերջո հայկական կողմերն ունեցել են, և այդ յուրացնելը պետք է տեղի ունենա հնարավորինս մասնագիտական, փորձագիտական հնարավորինս մեծ աջակցության պայմաններում, այդ առումով այն որոշակի անփորձությունը որ կարող են դրսևորել որոշ անձինք, և հայտարարություններ անել, սրանից պետք է զերծ մնալ։ Պետք է կենտրոնացված, համակարգված արտաքին քաղաքականություն վարվի, մասնավորապես Ղարաբաղի հարցում։ Ամեն մի ստորակետը միքիչ այս կողմ, միքիչ այն կողմ դնելը մեծ նշանակություն ունի»։
Մեկ այլ հարցի, թե հայ-ռուսական հարաբերությունները վտնագվա՞ծ են, պատգամավորը պատասխանեց. «Միշտ լինում են իրավիճակներ, որտեղ կնճիռներ են առաջանում երկկողմ հարաբերություններում, բայց հավատում եմ, որ մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր են, մեր երկրներն այնպիսի կարևոր հեռանկարային խնդիրներ ունեն համատեղ իրականացնելու, որ սրանք բոլորը կարող են հարթվել։ Կարող են թյուրիմացություններ, տարընթերցումներ առաջանալ և որոշ քայլեր էլ մեկնաբանվել՝ ոչ ի շահ ռազմավարական գործընկերության: Այնքան չուզող ունենք այդ դաշտում, որ կարող են օգտագործել ցանկացած առիթ և սա դնել որպես հիմնական գործիք երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները խաթարելու և օգուտ քաղելու համար։ Առաջին հերթին նկատի ունեմ արտաքին ուժերին, այդ թվում նաև ռուսաստանյան ուժերին։ Նրանց ջրաղացին ջուր չպետք է լցնենք»։
Ռուստամյանի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում։