Կառավարությունը զինված ուժերում նախընտրական քարոզչության մեխանիզմներ կսահմանի
Հայաստանի կառավարության 2018 – 2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում, որն ընդունվել է այսօր, Պաշտպանության նախարարությանը վերաբերող մասում նշվում է, որ զինծառայողների շրջանում իրականացվելու են իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
«Ընտրական օրենսգրքի վերանայման շրջանակներում սահմանել ՀՀ զինված ուժերում նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներ»,-պահանջ է դրվում կետերից մեկով, որի կատարման վերջնաժամկետն է 2019 թվականի երկրորդ եռամսյակը (համընկնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հայտարարված ժամկետի հետ)։
Նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներն այս փաստաթղթով չեն սահմանվում։
Սրան զուգահեռ նախատեսվում է իրականացնել զինվորական ծառայության թափանցիկության ընդլայնման աշխատանքներ։ Այս կետերի կատարման նպատակը, ինչպես նշվում է ծրագրի մեջ, զինվորական ծառայության և պաշտպանության համակարգի գործունեության մեջ պարտականության զգացողությունն առաքելության զգացումով փոխարինելու անհրաժեշտությունն է։
Զուգահեռ նշվում է, որ պետք է հասնել նրան, որ օրենսդրորեն ամրապնդվի զինված ուժերի՝ քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջը։