Այնքան չուզող ունենք այդ դաշտում. Արմեն Ռուստամյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Միշտ լինում են իրավիճակներ, որտեղ կնճիռներ են առաջանում երկկողմ հարաբերություններում, բայց հավատում եմ, որ մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր են, մեր երկրներն այնպիսի կարևոր հեռանկարային խնդիրներ ունեն համատեղ իրականացնելու, որ սրանք բոլորը կարող են հարթվել»,- սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա իր մտահոգությունը հայտնեց այն բանի շուրջ, որ կարող են թյուրիմացություններ, տարընթերցումներ առաջանալ և որոշ քայլեր էլ մեկնաբանվել՝ ոչ ի շահ ռազմավարական գործընկերության:
«Այնքան չուզող ունենք այդ դաշտում, որ կարող են օգտագործել ցանկացած առիթ և սա դնել որպես հիմնական գործիք երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները խաթարելու և օգուտ քաղելու համար»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ առաջին հերթին նկատի ունի արտաքին, այդ թվում՝ ռուսաստանյան ուժերին:
«Նրանց ջրաղացին ջուր չպետք է լցնենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մեր երկրի ներսում գտնվող ուժերին, ապա, ըստ պատգամավորի, պետք է ամեն մեկն այս հարցի հետ կապված չափած-ձևած հայտարարությունը անի, որ սխալ ընկալում չլինի:
«Ես վաղուց նման հայտարարություն ռուսական կողմից չէի լսել: Նույն Լավրովի, Պատրուշևի կատարած հայտարարությունները: Սրանք լուրջ նշաններ են, որ մենք պետք է այս խնդրում սթափ և համակարգված քաղաքականություն տանելու հարց դնենք»,- ընդգծեց Ռուստամյանը: