Փակուղում գտնվում են մեր հանրապետական գործընկերները. Ալեն Սիմոնյան
«ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են մինչև ապրիլ ամիս, ինչպես գրված է կառավարության ծրագրի մեջ: Որևէ այլ օրակարգ այս պահին չունենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, որ հանրապետականները չեն տեսնում ԱԺ-ի լուծարման անհրաժեշտություն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նրանք սխալվում են:
«Կարծում եմ՝ փակուղում գտնվում են մեր հանրապետական գործընկերները, որովհետև վերջին 3-4 ամսում տարբեր բաներ են միանշանակ ասել, բայց իրականությունը այլ է եղել: Ամեն ինչ արվում է, որ ընտրությունները կայանան նախատեսված ժամանակին»,- նշեց Սիմոնյանը:
Անդրադառնալով վարչապետի ասածին, որ ընտրությունները կկայանան ապրիլ-մայիս ամիսներին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ձգձգման պատճառ կարող են լինել միայն տեխնիկական խնդիրները, քանի որ բոլորն ուզում են այնպիսի ընտրություններ, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա:
«Այնպիսի համակարգ է դրվել այս տասնամյակների ընթացքում, որ զրոյից նորից համակարգ ենք հավաքում և չի բացառվում, որ իսկապես 1-2 ամիս ձգվի, բայց ամեն ինչ արվում է, որ չհետաձգվի և ապրիլին կայանան ընտրությունները»,- ասաց Ալեն Սիմոնյանը: