Կառավարությունը արտոնություն տվեց «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ»-ին. ընկերությունը 11,1 մլրդ դրամ ներդրում կանի
Կառավարությունը սեպտեմբերի 6-ին որոշում ընդունեց, որով նախատեսվում է հարկային արտոնություն տալ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու անհրաժեշտությամբ:
Օրինագիծը ներկայացրեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը: Նրա խոսքով, տվյալ ընկերությունը ներկայացրել է ներդրումային ծրագիր, որով նախատեսվում է կառուցել կոմպոզիտային գազաբալոնների արտադրություն:
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 11,1 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմել էր շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ, սակայն ցանկից հանվել մի շարք սարքավորումներ, ԱԱՀ-ից ազատված լինելու հանգամանքով, և այժմ կկազմի շուրջ 1,1 մլրդ ՀՀ դրամ։
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ընկերությունն ակնկալում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում:
«Նախատեսվում է, որ երեք տարում ներդրումային այս ծրագրի արդյունքում կստեղծվի 112 աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով»,-ասաց փոխնախարարը: