Մարդիկ առանց այն էլ ընտրական գործընթացների վերաբերյալ բացասական վերաբերմունք ունեն, իսկ հիմա ընդհանրապես կսկսեն խուսափել. Տիգրան Ուրիխանյան
«Իհարկե, շատ լավ է օրենսդրությունը խստացնելը, ընտրությունների ընթացքը բարելավելը, բայց ընտրությունների որակը նախ և առաջ պետք է ապահովի պետությունը և պետական կառույցները: Ընտրությունների պատասխանատվության բեռը քաղաքացիների վրա թողնելը, կարծում եմ, որևէ երկրում ճիշտ չի համարվել և չի համարվելու, ու մեզանում էլ դա ճիշտ չի համարվի»,- այս մասին Կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իր ելույթում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանն իր խոսքում նշեց, որ նա բազմիցս աշխատել է Հայաստանի տարբեր մարզերում և հիանալի պատկերացնում է, թե ինչպես են մարզերում աշխատում ընտրողների հետ, ինչի դիմաց են ակնկալում մարդկանց քվեները:
«Մշտապես բոլոր ժամանակներում, ընտրական համակարգ հնարելու ու ստեղծելու օրվանից ընտրողներին միշտ տրվել են խոստումներ՝ ծրագրերի տեսքով, անելիքի ձևով, լավը լինելու, երկիրը շենացնելու, մարդկանց կյանքը բարելավելու ձևով: Պետք է տարանջատել այդ խոստման դիմաց ընտրություն և քվե պահանջելը որևէ այլ հանգամանքից, առաջարկից, որը կլինի նյութական, շահադիտական կամ կաշառքին մոտ կանգնած: Այս սահմանազատումը շատ եմ կարևորում, որպեսզի մենք իրապես չունենանք խնդիրներ: Մարդիկ առանց այն էլ ընտրական գործընթացների վերաբերյալ բացասական վերաբերմունք ունեն, իսկ հիմա ընդհանրապես կսկսեն խուսափել»: