Կառավարությունն ընդունեց իր գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագիրը
Կառավարության այսօրվա նիստում, ի թիվս չզեկուցվող մի շարք հարցերի, ընդունվեց Կառավարության գործունեության 5-ամյա ծրագիրը (2018-2022 թվականներ)։ Դրա վերաբերյալ դիտարկումներ, քննարկումներ չեղան, քանի որ հարցն ընդգրկվել էր չզեկուցվող հարցերի թվում։
Մինչ չզեկուցվող հարցերի միաժամանակյա ընդունումը, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեցին, որ իրենց ներկայացրած որոշ նախագծերում, այդ թվում և կառավարության ծրագրում, կան տեխնիկական խմբագրման հարցեր։ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենց առաջարկած ծրագրում փոփոխությունները հնարավոր կլինի անել մեկ շաբաթում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց, որ դրանք տեխնիկական հարցեր են, բովանդակային ոչինչ չի փոխվելու, ինչից հետո կառավարության անդամները միաձայն հաստատեցին նախագծերը։
Կառավարության ծրագրին ու դրա հիմնավորումներին կարելի է ծանոթանալ կառավարության օրակարգում ներկայացված փաստաթղթերից (կետ 19)։