Ռոբերտ Քոչարյանը երեկոյան «կամինի» մոտ նստած չի գրել հրամանները. փաստաբան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը այսօր հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են` իր լիազորություններից ելնելով կատարած գործողությունների համար նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել:
Ըստ Օրբելյանի` ՀՀ նախագահը 2008թ. մարտի 1-2 դեպքերի և դրանց պատասխան գործողությունների համար երեկոյան չի նստել «կամինի» մոտ ու հրամաններ գրել: Այդ հրամանները մշակվել են նախագահի աշխատակազմում, դրանց վրա աշխատել են մասնագետները, հաշվի են առնվել համապատասխանությունը օրենքներին, ապա նոր միայն ստորագրվել նախագահի կողմից:
Ըստ փաստաբանի` այս ամենից ելնելով, ՀՔԾ-ն իրավունք չուներ այդ գործին մոտենալ որպես սովորական հանցագործություն և կալանավորել ՀՀ նախագահին:
«Եթե նախագահը պաշտոնավարման ժամանակ կատարեր գողություն կամ մարդասպանություն, ապա դա կարող էր համարվել իր կարգավիճակից չբխող, սակայն Վերաքննիչ դատարանը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները միանշանակ բխել են նրա կարգավիճակից»,- ասաց Արամ Օրբելյանը: