«Ավրորա» մրցանակի 1 մլն դոլարը կօգնի 375 հազար ռոհինջա փախստականի
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլար դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375,000 ռոհինջա փախստական։
Մյանմացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից ճանաչման է արժանացել այն նվիրումի համար, որով նա պայքարել է հանուն մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավահավասարության, կրթության եւ մարդու իրավունքների վերականգնման։ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից 750 թեկնածուների շարքից ընտրված դափնեկիրն իր հերթին գլխավոր մրցանակի է առաջադրել երեք կազմակերպությունների («Բժիշկներ առանց սահմանների», MERCY Մալայզիա եւ Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով), որոնք Հարավարեւելյան Ասիայով մեկ բժշկական օգնություն և օժանդակությունն են տրամադրում ռոհինջա փախստականներին։
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը «Ավրորա» մրցանակի տրամադրած միջոցներն ուղղում է Բանգլադեշի Բալուքալի բնակավայրին մերձ վրանային ավանում շտապօգնության վիճակը բարելավելու համար։ Կազմակերպության տվյալներով՝ այս նախաձեռնությունից կօգտվի մոտ 250,000 ռոհինջա փախստական
Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը (ICMC) «Ավրորա» մրցանակի իրեն հասանելիք մասնաբաժինն ուղղում է երկու նախաձեռնությունների, որոնք աջակցում են Մալայզիայում՝ Կուալա Լումպուրում և շրջակա Կլանգ հովտում ապաստանած փախստականներին եւ վերականգնում Բանգլադեշի Կուտուպալոնգ ավանին կից ճամբարի ենթակառուցվածքները։ ICMC կազմակերպության տվյալներով՝ այս նախագծերից կշահի մոտ 20,000 մարդ։
«MERCY Մալայզիա» կազմակերպությունը Ռաքայն նահանգի առողջապահական ծառայության հետ համագործակցությամբ՝ «Ավրորա» մրցանակի հատկացրած միջոցների մասնաբաժինը կտրամադրի Մյանմայի Սիտվե քաղաքի ներքին տեղահանված անձանց ճամբարում եւ Չոկտան գյուղում ռոհինջա ժողովրդին առաջին բուժօգնությամբ եւ մայրական խնամքով ապահովելու գործին։ «MERCY Մալայզիայի» տվյալներով՝ այս նախաձեռնությունից կշահի մոտ 101,000 ռոհինջա։