Վարչական ռեսուրսի չարաշահումը քրեորեն պատժելի չէր, երբ տնօրենները զբաղվում էին դրանով. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ խոսեց նախորդ համապետական ընտրությունների ժամանակ մի շարք դպրոցների` ձայների հավաքագրմամբ զբաղված տնօրենների հետ կապված իրավական գործընթացի մասին: Նա նշեց, որ «վարչական ռեսուրսի չարաշահում»-ը քրեականացվել է միայն այս տարի, իսկ այն ժամանակ, երբ տնօրենները դրանով զբաղվում էին, դա քրեորեն պատժելի չէր:
«Տնօրեններից միայն մի քանիսի դեպքում էր, որ ըստ էության հանցակազմ կար: Դատախազությունը համարեց, որ հանցակազմ չկա, միաժամանակ տնօրեններից 30-ը մեզ դատի տվեցին` ասելով, որ մենք իրենց զրպարտել ենք, բայց մի քանի ամիս, անց երևի հասկանալով, որ դա շատ վատ գաղափար է` դատի տալը, և հակառակ էֆեկտի է բերում, հրաժարվեցին իրենց հայցերից»,- ասաց նա:
Խոսելով արտերկրում ապրող, ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցների` քվեարկելու իրավունքի մասին, Իոաննիսյանը նշեց, որ այդտեղ կան որոշ ռիսկեր:
«Եթե քո սփյուռքը շատ մեծ է, արդյոք խոցելի չէ՞ այդ քվեարկությունը` այլ պետությունների կողմից ազդման առումով. այդ պետությունները, որոնց տարածքում բնակվում են, միգուցե նաև երկքաղաքացի են քո քաղաքացիները, արդյո՞ք չեն կարողանա ազդել ընտրությունների վրա: Մենք պետք է խնդրին այս կողմից էլ նայենք, ու վստահ լինենք, որ այդտեղ խոցելի չեն ընտրությունները»,- ասաց նա: