Ընտանիքում ապրելն ու մեծանալը երեխայի հիմնարար իրավունքն է. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել
է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային
համաժողովին։
«Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր
հարցերում առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխայի
լավագույն շահը, իսկ երեխայի կարևորագույն իրավունքներից է ընտանիքում
ապրելու իրավունքը: Բոլորս պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի
մանկատուն կամ այլ հաստատություն երեխայի տեղափոխվելը լինի վերջին,
բացառիկ միջոց»,-Հայաստանի ու Բուլղարիայի կառավարությունների
աջակցությամբ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման
ժամանակ նշել է Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ երեխաները հայտնվում են հաստատություններում սոցիալական վատ պայմանների, հաշմանդամություն ունենալու կամ այլ պատճառներով: Ու թեև վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի պակասում է մանկատներում ապրող երեխաների թիվը, սակայն դրան զուգահեռ առողջական խնդիրների պատճառով ավելանում է երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում: Այդ իմաստով
անհրաժեշտ է փորձել ընտանիքների հետ աշխատել այնպես, որ հաստատություններում հայտնված երեխաները հեշտությամբ վերադառնան ընտանիքներ․ պետությունը նախ պետք է միջոցներ ձեռնարկի ընտանիքի հնարավորությունների զարգացման ուղղությամբ, հետո միայն փակի այդ հաստատությունները։
«Վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին»
ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված
պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ
հրապարակային զեկույցում մենք արձանագրել ենք, որ Հայաստանը նշյալ
կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների թվում ունի մասնակի կատարված կամ չկատարված
պարտավորություններ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։