«Աշխատում եմ փրկարար ծառայությունում, ապրելու հնար չկա». Փաշինյանը պատմեց իր ստացած հաղորդագրության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 4-ին, շնորհավորելով արտակարգ իրավիճակների աշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ, նրանց ցանկացավ հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն։
«Ըստ էության, արտակարգ իրավիճակների աշխատողները շատ կարևոր դերակատարում ունեն մեր կյանքում։ Իհարկե, մենք չենք կարող հուսալ, որ երկրում արտակարգ իրավիճակներն ընդհանրապես կբացառվեն, որովհետև ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս՝ մեր հայրենակիցներն արտակարգ իրավիճակ են գնահատում այն, երբ, օրինակ, սիրելի կատուն բարձրանում է տանիք և չի կարողանում իջնել»,–կատակեց նա՝ մաղթելով, որ ՀՀ–ում արտակարգ իրավիճակները լինեն նկարագրվածի պես կամ մոտավորապես այդպիսին։
Փաշինյանը շեշտեց՝ համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեությունից. «Ես ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ արձանագրենք, որ որևէ կերպ չի կարելի քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվել, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ»։
Վարչապետը նկատեց՝ արտակարգ իրավիճակների համակարգում բազմաթիվ խնդիրներ կան։ «Երեք օր առաջ իմ հեռախոսին ես հաղորդագրություն եմ ստացել, որտեղ քաղաքացին ինձ գրել էր՝ աշխատում եմ փրկարար ծառայությունում, ապրելու հնար չկա։ Եվ ես գիտեմ, մենք բոլորս գիտենք, որ այս հաղորդագրությունը կարող էին ուղարկել շատերը՝ արտակարգ իրավիճակների աշխատողներից, զինված ուժերում ծառայողներից, ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայողներից և բազում այլ տեղերից»,–նշեց նա՝ հավելելով, որ այդ խնդիրը պետք է միասին լուծել։
Սակայն Փաշինյանը շեշտեց, որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը հաճախ ցածր են այն պատճառով, որ այդ կառավարման համակարգերն արդյունավետ չեն կառավարվում։ «Մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք, և հետո մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը պետք է տեղի ունենա։
Սկզբից մենք պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո անխուսափելիորեն կարձանագրվի մեր բոլորիս, նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարեկեցության մակարդակը»,–նշեց նա՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն իր անելիքն ունի այդ գործում։