Առևանգում, բռնաբարություն, շորթում. Երեք օրում՝ հանցագործության 110 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 19, անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 16, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 10, յուրացման կամ վատնման 8, բնակարանային գողության 5, խուլիգանության 4, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի եւ անձի առեւանգման 3-ական, կողոպուտի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի իրացման, կաշառակերության եւ բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, ավազակային հարձակման, ինքնավնասման, սպանության սպառնալիքի, առեւտրային կաշառքի եւ պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, ինչպես եւ կամավոր ներկայացել է 8-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 եւ կամավոր հանձնելու 3 դեպք
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: