Եթե պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա միանշանակ դատապարտելի է. նախարարը՝ «Լիդիան Արմենիայի» մասին
«Եթե թույլտվություն է տրվել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունը թաքցնելով, ապա հանկարծ չպետք է աչք փակենք սրա վրա, սա սկզբունքային ու նաև քրեական պատասխանատվության ենթակա հարց է», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման խնդրին, հույս է հայտնել, որ իրականացվող փորձաքննություններն ավելի կարճ ժամանակ կպահանջեն: Նախարարը կարևորել է նաև միջազգային փորձագետների ներդրմամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով պայմանավորված արագ դիտարկումները:
«Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանությունը պետք է լինի առաջնահերթություն, բայց սա չի նշանակում, որ մենք հավասարակշռված մոտեցումը պետք է խախտենք: Անհրաժեշտ է համոզվել, թե որքանով է հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա էական, որպեսզի շարունակեն գործընթացը: Բայց, մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ տնտեսվարողները, որոնք կատարել են ներդրումներ և շարունակում են դրական սպասելիքներ ունենալ, չհիմնավորված կամ սուբյեկտիվ վարքագծով պայմանավորված վնասներ չպետք է կրեն»,- ասել է նախարարը:
Ըստ նախարարի, եթե հարուցված քրեական գործի ընթացքում պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա միանշանակ դատապարտելի է, «Լիդիան Արմենիայի» բաժնետերը ևս շահագրգռված կլինի դրանք բացառել:
«Կառավարությունը չպետք է հայտնվի մի իրավիճակում, երբ սուբյեկտիվ վարքագծի պատճառով կասեցնի այս կամ այն ծրագիրը: Չկա այդպիսի բան: Չկա այդպիսի միտում, այդպիսի ցանկություն: Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, թե մեր կառավարությունն այդպիսի ճանապարհով է գնում», – նշեց Արծվիկ Մինասյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ցանկացած հարցի լուծում պետք է փաստերի վրա հիմնված լինի: