Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ. Արծվիկ Մինասյան
«Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ: Առևտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը մանրամասնեց շաքարի շուկայում տարվող աշխատանքների կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի չափանիշ: Նախ՝ շաքարավազը սոցիալապես կարևոր ապրանք է համարվում, երկրորդ՝ այն մատակարարվում է անձի կողմից, որն ունի գերիշխող դիրք առնվազն այդ շուկայում և, որպեսզի չթելադրի իր ազդեցությունը նաև մանրածախ սեկտորի վրա և չսահմանափակի փոքր խանութներին իրականացնելու այդ առևտուրը, և երրորդ՝ պետք է գնագոյացման արդյունավետ համակարգ լինի:
«Այս երեք չափանիշների վրա է, որ իրականացվելու է նախ՝ ապրանքային շուկաների ընտրությունը, հետո սուբյեկտավորման ընտրությունը, օրինակ՝ շուկա կա, որտեղ ունենք 10-20 ներմուծող, բայց եթե ունենք մեկ, լավագույն դեպքում՝ երկու սուբյեկտ, որոնք շուկան բաժանել են իրար մեջ, այդ դեպքում, այո´, իրականացնելու ենք ներմուծող կամ արտադրող և մանրածախ վաճառք իրականացնող սուբյեկտների հստակ տարանջատում: Նա իրավունք չի ունենա նաև այստեղ մասնակցել մանրածախ առևտրին»,- ասաց նախարարը:
Իր խոսքում նա կարևորեց խաղի կանոնների հավասարությունը բոլորի համար՝ անկախ նրանից, թե ով է բաժնետեր: Կարևորվելու է սուբյեկտի ունեցած ազդեցությունը շուկայում:
«Եթե ինքը և՛ խոշոր ներմուծողն է կամ արտադրողը, և՛ նաև նույն ցանցի միջոցով վաճառողը, պետք է տարանջատում լինի, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- նշեց նախարարը: