Հայաստանի և Արցախի պատգամավորները միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով երկու հայկական պետությունների միասնականության ու միմյանց սատար լինելու կարևորությունը:
էդուարդ Շարմազանովը նույնպես, շնորհավորելով ներկաներին Արցախի Հանրապետության 27 ամյակի կապակցությամբ, շեշտել է, որ Արցախի հարցի կարգավորումը համայն հայության գերխնդիրն է, և այդ հարցում որևէ հետքայլ լինել չի կարող: Նա նաև նշել է, որ անկախ քաղաքական պատկերացումներում ունեցած տարբեր տեսակետներից՝ ՀՀ քաղաքական բոլոր ուժերն Արցախի հարցում ունեն միասնական դիրքորոշում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու խորհրդարանների միջև տարբեր մակարդակի փոխգործակցությանը և արտաքին ու ներքին քաղաքական թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ներկայացրել առաջարկություններ՝ միջխորհրդարանական կապերի ակտիվացման ուղղությամբ: