Քարոզչության եթերաժամի գները նվազել են. որքա՞ն են դրանք կազմում
Հայտնի են Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23–ի ընտրությունների նախընտրական քարոզչության համար՝ վճարովի եթերաժամի գները: Տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Քարոզարշավը կհեռարձակվի 18 հեռուստառադիոընկերություններով:
Հանրային հեռուստաընկերությամբ քարոզչության մեկ րոպեն արժե 48 հազար դրամ: Ի դեպ, գինը իջել է. Երևանի ավագանու նախորդ տարվա ընտրություններին այն 60 հազար դրամ էր։
Ամենաբարձր սակագինը «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններով է՝ մեկ րոպեի դիմաց 100 հազար դրամ՝ երեկոյան ժամը 18։00– 20։00–ը: Ի դեպ, ամեն քաղաքական ուժ այս հեռուստաընկերություններով կարող է քարոզչություն իրականացնել օրական 6 րոպեից ոչ ավելի։
Ամենամատչելին «Արարատ» և «21TV» հեռուստաընկերությունների եթերով քարոզչությունն է՝ համապատասխանաբար՝ 8400 եւ 8000 դրամ մեկ րոպեի համար: «Արարատ»-ի քարոզչաժամանակը երեկոյան 18:30-20:30, «21TV»–ինը 12:00-22:00–ը։
«Հ3»-ը սահմանել է ամենաերկար քարոզչաժամանակը՝ 30 րոպե, մեկ րոպեն՝ 50 հազար դրամ:
Հեռուստաընկերություններից միայն «Հ2»-ն է, որ քարոզարշավի երկու սակագին է սահմանել: Կիրակի օրերին մեկ րոպեի արժեքը 30 հազար դրամ է, մյուս օրերին՝ կրկնակի թանկ՝ 60 հազար դրամ:
Ռադիոընկերություններից միայն վեցն են քարոզչություն հնչեցնելու. Հանրայինը, «Ռադիո Մարշալ»-ը, «Ռադիո Վան»-ը, «Ռուսսկոյե ռադիո»-ն, «Հայ էֆէմ»-ը և «Ռադիո Հայ»-ը: «Ռադիո Վան»-ն ու «Ռուսսկոյե ռադիո»-ն մեկ րոպեի դիմաց սահմանել են ամենաբարձր գինը՝ 3000 դրամ, «Հայ էֆէմ»-ը եւ «Ռադիո Հայ»-ը՝ ամենացածր՝ հազարական դրամ, «Ռադիո Մարշալ»-ը՝ 2500, իսկ Հանրայինը՝ 2000 դրամ:
«Հայ էֆէմ»-ը եւ «Ռադիո Հայ»-ը քարոզարշավի համար ամեն քաղաքական ուժի կտրամադրեն մինչեւ 60 րոպե, իսկ մյուս չորսը՝ 20-ական րոպե:
Ի դեպ, անցյալ տարվա համեմատ նվազել են նաեւ «Արարատ» հեռուստաընկերության, «Հայ ԷֆԷմ»-ի եւ «Ռադիո Հայ»- քարոզչագները։ Մյուս հեռուստաընկերություններում եւ ռադիոկայաններում գնային փոփոխություններ չկան։