Վրաստանը երկրորդն է Եվրոպայում կարմրուկի տարածման դեպքերով
Վրաստանը Եվրոպայի յոթ երկրների շարքում, որտեղ վերջին վեց ամիսների ընթացքում կարմրուկի ավելի քան հազար դեպք է գրանցվել, զբաղեցնում է երկրորդ տեղն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքի:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017թ. օգոստոսին համաճարակի բռնկումն առաջին անգամ գրանցվել է երկրի 2 մարզերում: 2018 թվականին կարմրուկով վարակներ արձանագրվել են ամբողջ Վրաստանում:
Անցած շաբաթ երկրի մասնագետները հայտարարել էին` 20-40 տարեկան բնակչության ավելի քան 10%-ը հիվանդության դեմ չունի իմունիտետ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ այս տարի Հունաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Սերբիայում, Ուկրաինայում և Ֆրանսիայում արձանագրվել է հիվանդության վարակման մոտ 1000 դեպք: Ամենից շատ տուժել է Ուկրաինան, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 23 հազարը:
ԱՀԿ-ում այս տվյալներն անվանում են ռեկորդային և նշում, որ 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելի քան 41 000 երեխաներ և մեծահասակներ են վարակվել կարմրուկով: