Հանգուցյալի մասին կա՛մ լավը, կա՛մ ճշմարտությունը. Գյուղնախարարը՝ իրեն թվանկարչության մեջ մեղադրելու մասին
Եթե ինչ–որ մեկի մոտ կասկած են առաջացնում վիճակագրական տվյալները, ապա դրանց աղբյուրը ուրիշ տեղից է գալիս; Այս մասին, օգոստոսի 31-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով գյուղմթերքի արտահանման թվերը խեղաթյուրելու, նկարչության համար իրեն ուղղված մեղադրանքները։
«Հին հռոմեացիներն ասում էին՝ հանգուցյալի մասին կա՛մ միայն լավը, կա՛մ միայն ճշմարտությունը» Իսկ ես« քանի որ բավականին քաջառողջ եմ, եռանդով և լավատեսությամբ լի եմ, և որևէ կերպով այդ «հանգուցյալ» պիտակի տակ չեմ կարող գնալ, բնական է, որ պետք է լինի քննադատություն և որոշակի նորմերից շեղող բառերի օգտագործում»,-ասաց նա:
Նախարարը նկատեց. «Երբ ես եկա աշխատանքի 2018թ. մայիսի 14-ին, սածիլավորումներն արվել էին, ցանքսերն արվել էին, «պապական թվի» ընկուզենիներն արդեն կային, այսինքն ես, նույնիսկ եթե լինեի Ծերունի Խոտաբիչը, որեւէ փոփոխություն այդ մի քանի ժամում չէի կարող անել, որովհետեւ գյուղատնտեսությունը սեզոնային է: Տեքստիլ չէ, որ մարդիկ շոր են կարում, բանկային գործարք չէ, որ ամառ–ձմեռ բանկային գործարք են անում, ծրագրավորում չէ, որ ամառ–ձմեռ գրում են։ Ես ո՛չ ուրիշի դափնիներին եմ ուզում տիրանալ, ո՛չ էլ քննադատություններին»:
Նախարարն ընդգծեց, որ արտահանման թվերը ստանում է երկու աղբյուրից. մեկը՝ Կառավարության ենթակա սննդի անվտանգության տեսչությունից, մյուսը՝ Պետական եկամուտների կոմիտեից:
ՍԱՊԾ տեղեկանքով՝ արտահանվել է 51 640 տոննա միայն ծիրան: ՊԵԿ-ի տվյալներով՝ հունվար-հուլիս ամիսներին ՀՀ–ից արտահանվել է ծիրան, բալ, կեռաս, նեկտարին, սալոր, մամուխ՝ 55 հազար 185 տոննա. առյուծի բաժինը ծիրանինն է։ «Եթե տարբերություն լինի 2 մարմինների միջեւ, վիճակագրական շեղման տիրույթում է լինում»,–ընդգծեց նախարարը:
«Եթե ինչ-որ մեկի մոտ կասկած են հարուցում այդ թվերը, ապա դրանց աղբյուրը ուրիշ տեղից է գալիս. ես այդ թվերը ստանում եմ իմ համակարգչի վրա՝ այլ հասցեատերերից եկած»,–նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։